ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ես Սերժ Սարգսյանի իշխանությունը չեմ պաշտպանում, իմ երկրի լինելիությունն եմ պաշտպանում»

«Ես Սերժ Սարգսյանի իշխանությունը չեմ պաշտպանում, իմ երկրի լինելիությունն եմ պաշտպանում»
26.09.2008 | 00:00

«ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ «ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ» ԴԱՌՆԱ...»
…և ոչ միայն մշակույթի մասին
Գրող, հրապարակախոս ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ զրույցը սրտի խոսք է երկրին տեր զգալու, անանց արժեքները քաղաքական մանր խաղերին չհարմարեցնելու, արջի ծառայությամբ ժողովրդին չմասնատելու և ընդդիմադիր հատվածը չօտարելու, հանուն աթոռի պատմությունը չոտնահարելու և հրատարակության պատրաստ իր նոր գրքի մասին:
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆՎԵՐՋ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, ՉԳԻՏԱԿՑԵԼՈՎ, ՈՐ ՄԵՆՔ ԵՆՔ ԿԵՐՏՈՒՄ ՆՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

-«Միևնույն ժողովուրդը, նայած իր ղեկավարին, կարող է և՛ հրաշագործություններ կատարել, և՛ խայտառակորեն ծունկի գալ հակառակորդի առաջ»: Սա ասել է Գարեգին Նժդեհը: Իսկ մե՞նք:
-Երբ ինձ ծանր հարցեր են տալիս, անմիջապես մաեստրո Կոստան Զարյանի պատվիրանն եմ հիշում. «Թա՛րս մտածիր»: Մենք իշխանություններից անվերջ պահանջում ենք, չգիտակցելով, որ մենք ենք կերտում նույն իշխանությունները: Եթե ուզում եմ երկիրս բարեկեցիկ ապրի, չպետք է գողանամ իմ երկրից: Եթե ուզում եմ՝ երկիրս խաղաղ լինի, իմ զավակին չպետք է փախցնեմ բանակից: Եթե ուզում եմ՝ երկիրս բարեկիրթ լինի, երեխայիս համար փողով թվանշան չպետք է պոկեմ: Եթե ուզում եմ երկիրս վայելուչ տեղ գրավի այս աշխարհում, այսրոպեական քաղաքական խաղիկներին չպետք է հարմարեցնեմ: Այսինքն՝ իմ երկրից միայն պետք է չպահանջեմ, պետք է նաև տամ: Այսօր մեր ամենակարևոր ձեռքբերումը Արցախն է` մեր հայրենիքի հետ նվաճված մի հողակտորը, և գիտեմ, որ ոչինչ չի կարող ստիպել, որ ես այն զիջեմ: Ո՛չ մի իշխանություն մեր այս գիտակցությունը չի կարող հաղթահարել, որովհետև այն ժողովրդի գիտակցությունն է: Հայրենիքը իշխանությունները չեն ձևավորում, այլ՝ ժողովուրդը: Կարծում եմ՝ այս կայունությունը կա, մնացած պարապ խոսքերն ինձ չեն հետաքրքրում: Վստահ եմ` որևէ հայ իր հոգում չի տվել և չի տա իր հայրենիքը: Եվ կարևորը սա՛ է:
-Սերժ Սարգսյանը կկարողանա՞ դառնալ բոլորի նախագահը:
-Որպես դաշնակցական, բնական է, Վահան Հովհաննիսյանին էի ուզում տեսնել նախագահ: Բայց դա իմ կյանքի մեծագույն նպատակը չէ: Եթե Սերժ Սարգսյանը կարողանա դառնալ լավ նախագահ և բոլորի՛ նախագահը, շատ ուրախ կլինեմ, որովհետև դա ավելի մեծ խնդիր է, ավելի անանձնական: Ի վերջո, կենաց-մահու կռիվ չէ, թե ով պետք է լինի նախագահ: Իսկ լավ իշխանություն մենք պետք է կերտենք մեր քաղաքացիական պահանջատիրությամբ, մեր պարտադրանքով:
-Մեծն Թումանյանը կասեր` դեռ հեռու է մինչև Մարդը մեր ճամփան... Մեր երկրում նախագահն է որոշում՝ ում վստահել իշխանության ղեկը:
-Իսկ այդ նույն կադրերին մե՞նք չենք կերտում: Օրինակ, այսօր ինձ հարցնում են՝ անկախության տոնին ինչո՞ւ չէին հրավիրել Արամ Մանուկյանին: Մեջս ցավ կա, որ չեն հրավիրել. մտավորական է: Սակայն նաև ուզում եմ հարցնել նույն Արամ Մանուկյանին` իսկ դուք հրավիրո՞ւմ էիք: Ինչ ցանել են, այն էլ հնձում են:
-Գալուստ Սահակյանի կարծիքով` «իշխանության պետք է գան նրանք, ովքեր լծակներ և փող ունեն, իսկ լավ մտքեր ունեցողները թող նստեն տանը և գիրք տպեն»:
-Երանի՜... Իշխանության պետք է գան մարդիկ, ովքեր ծրագրեր ունեն:
«ԻՆՁ ՇԱՏ Է ԶԱՅՐԱՑՆՈՒՄ, ԵՐԲ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ»
-Որո՞նք են ՀՀ երեք նախագահների ամենաբնութագրական հատկանիշները, ըստ Ձեզ:
-Առաջին նախագահը եկավ համաժողովրդական սիրո ալիքի վրա: Ես նրան չեմ ընտրել, բայց ժողովրդի 90 տոկոսից ավելին նրան է ձայն տվել: Եվ այլևս որևէ նախագահ նման լիաբուռն սիրո չարժանացավ: Հիմա անընդհատ վկայակոչում են՝ պատերազմ, աղետի գոտի... Իհարկե, պատերազմ, իհարկե, աղետի գոտի, բայց կարող էինք անհամեմատ ավելի պակաս կորուստներ ունենալ, եթե արքունիքը գավառական չտեսի պես չընկներ իշխանության աթոռին: Ինձ շատ է զայրացնում, երբ ասում են՝ հիմնադիր նախագահ: Նա հիմնադիր նախագահ չէ, նա առաջին նախագահ է: Հիմնադիրը ժողովուրդն է: Ազգի ընտրած առաջին նախագահն էր, որը, կարծում եմ, լուրջ չվերաբերվեց իրեն տրված քվեին:
Երկրորդ նախագահին պաշտպանել և պաշտպանում եմ: Նա հարմարվող մարդ չէր, կոշտ էր և համառ, ինչը, ի դեպ, ինձ դուր էր գալիս: Կարևորը` ես երբեք չեմ ամաչել, որ նա է իմ երկիրը ներկայացնում, որովհետև արժեքային կայուն համակարգ ուներ իր մեջ: Արցախը նրա համար ինչ-որ վիրտուալ քաղաքական խաղիկներ տալու խնդիր չէր: Սա իր հայրենիքն է, Արցախը՝ սոսկ ծննդավայրը. այդ գիտակցությունը կար նրա մեջ: Նա շինարար էր: Եվ իր մարդկային թերություններով հանդերձ՝ շատ կարևոր խնդիրներ լուծեց: Որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչ, ես, թերևս, ամենից շատ պետք է դժգոհեմ, որովհետև մշակույթին նա ավելի քիչ տեղ էր տալիս, քան, ասենք, սպորտին, բայց երբ նայում եմ երկրիս նորաշեն ճանապարհներին, մեծածավալ շինարարությանը (թեև շատ բաներ իմ ճաշակով չեն), այն, որ կառուցվո՛ւմ է, ո՛չ թե քանդվում, որ տեսնում եմ՝ երեխաների աչքերի տակից վերացել են թերսնումից առաջացած մանուշակագույն ստվերները... Իսկ ահռելի օգնություն էր գալիս այն ժամանակ պատերազմի և աղետի գոտու համար: Մի քանի մարդ միայն հարստացավ...
Երրորդ նախագահի համար Արցախը, ինչպես երկրորդ նախագահի համար, արժեք է, իր միսն ու արյունը: Կարծում եմ՝ ավելի հանդուրժող է, առավել հեշտ փոխզիջումների գնացող: Փորձում է համբերատար հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել երկրում, ինչը շատ կարևոր է:
-Հանդուրժողականության, զիջումների գնալու պատրաստակամությունը չի՞ սպառնում մեր արտաքին քաղաքականությանը: Թվում է, նրա ելույթներում արդեն իսկ նահանջի, պարտվողականության տարրեր կան:
-Ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ընթացքը հարևանների հետ: Երկրի տերը մենք ենք, և բոլորովին մտադիր չեմ երկրի տիրոջ իմ իրավունքը մեկ մարդու վերագրել: Իսկ երբ գա պահը՝ ասվածը որպես քաղաքականություն իրագործելու, այն ժամանակ ժողովուրդը կասի իր խոսքը:
-Իրատեսակա՞ն եք համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն:
-Իսկ ինչո՞ւ չպետք է համարեմ: Ինչո՞ւ պետք է նա, իր իսկ խոսքով, «ամենաերիտասարդ թոշակառուն» դառնա: Ի դեպ, ես նույնքան իրատեսական էի համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն, եթե այդ քաղաքականությունը չդառնար միայն աթոռակռիվ և առճակատում: Ով միտք ունի և փորձառություն, ես միայն կողջունեմ նրան: Եվ ուզում եմ հավատալ, որ հաջորդ անկախության տոնին մեր երեք նախագահները կարող են միասին խմել հայոց գինին:
-Անհրաժե՞շտ եք համարում այլընտրանքային` երրորդ ուժի ստեղծումը երկրում:
-Երրորդ ուժը ժողովուրդն է, որը միշտ ներկա է՝ լուռ, խոնարհ, առաջնորդի բարդույթով չտառապող` մինչև վերջին խոսքն ասելու պահը կգա:
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՀԵՌԱՑՆՈՒՄ»
-Տիկին Ալվարդ, մի անգամ Դուք անկեղծորեն խոստովանեցիք, որ «այս երկրում սեփական կարծիք ունենալը շքեղություն է»: Շատերին տարօրինակ թվաց դա` նկատի ունենալով Ձեր նկարագիրը, նաև 118-ամյա ավանդական կուսակցության անդամ լինելը…
-Եթե ուզում ես շատ ազատ լինել, մի՛ մտիր կուսակցություն, իսկ եթե մտնում ես, ազատության որոշ սահմանափակումներ պետք է ունենաս: Իսկ ընդհանրապես, եթե հավակնում ես դասվելու բան ասողների շարքը, պետք է կարողանաս հաղթահարել ներքին տագնապները` թե հետո ով ինչ կասի: Պետք է մտածես, որ դրա համար քիթդ կարող է և արյունոտվել: Իմ կուսակցությունը երբեք ինձ չի նախատել որևէ կարծիքիս համար, թեև երբեմն կուսակիցներիս աչքերում նկատել եմ ներքին դժգոհություն, բայց երբևէ անհարգալից թելադրանք, ոտնձգություն իմ անհատականության նկատմամբ չի եղել: Ես եկել եմ այս կուսակցություն, որովհետև իմ մտածողությունը խիստ հարիր էր նրա գաղափարախոսությանը: Մարդկանց համար չեմ եկել, այլ գաղափարի: Իմ սերնդի այն հատուկենտ գրողներից էի, որոնց՝ մամուլում տպագրված բոլոր գործերը սփյուռքի դաշնակցական մամուլն արտատպում էր:
-Եթե մարդու` որպես քաղաքացու սեփական տեսակետը չի համընկնում կուսակցության ուղեգծին, ճի՞շտ եք համարում նրան կուսակցությունից հեռացնելը:
-Ռուբեն Հակոբյանին նկատի ունեք: Նա իմ լավ ընկերն է, մտավորական, բայց չեմ ուզում նրան մարտիրոս համարել: Չեմ մտածում, որ նրա արածը համարձակություն էր: Անհամեստաբար պետք է ասեմ` ես շատ ավելի կոշտ բաներ եմ համարձակվել ասել, բայց ինձ չեն հեռացրել: Կարծում եմ, նա պահը ճիշտ չըմբռնեց: Երկար տարիներ դրսում էր և միգուցե չկարողացավ իրավիճակը ճիշտ գնահատել: Պահեր կան, որ դու փոխզիջման ես գնում, որովհետև ավելի թանկ արժեք ես պահպանում: Երկիրը տակնուվրա վիճակում էր: Չեմ կարող այսօր ասել, որ իշխանությունները բացարձակ անմեղ են մարտիմեկյան դեպքերի համար, բայց պատճառահետևանքային հարցեր կան, որ ինձ համար մթին են: Ես Սերժ Սարգսյանի իշխանությունը չեմ պաշտպանում, ես իմ երկրի լինելիությունն եմ ուզում պաշտպանել: Անկեղծ ասած` շատ ցավում և ափսոսում եմ Ռուբենի համար` որպես ընկերոջ և վաստակ ունեցող կուսակցականի: Իմ անձնական օրինակից ելնելով միայն կարող եմ ասել` դաշնակցությունը սեփական տեսակետ ունենալու համար որևէ մեկին կուսակցությունից չի հեռացնում:
«ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԻ ՄԱՍՆ Է, ԱՅՆ ԷԼ՝ ՇՔԵՂ ՄԱՍԸ»
-Մի առիթով ասացիք, որ Ձեզ նույնպես քաղբանտարկյալ եք համարում: Ի՞նչ նկատի ունեիք. հետընտրական շրջանում Ձեր հեռուստաելույթներին հետևած հեռախոսային ահաբեկումնե՞րը, ՀՕՄ-ի զինանշանը ջարդուփշուր անե՞լը, թե՞....
-Նաև դա, իհարկե, բայց ես մինչ այդ էլ ինձ քաղբանտարկյալ էի համարում: Ավելի քան 20 թերթ և ամսագիր փակվեց 1994-ին, այդ թվում և` «Առագաստ» թերթը, որի խմբագիրն էի: Միայն այն պատճառով, որ խմբագիրները դաշնակցականներ էին: Ընկերներիս լցրին բանտերը` 1937-ի հանգույն: Բայց երբեք չմտածեցի` ես ընդդիմության ներկայացուցիչ եմ, որովհետև ինձ համար ծիծաղելի է դա. իմ սեփական երկրում ես ընդդիմություն չունեմ: Ես կարող եմ չընդունել Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց ես ո՞ւմ եմ ընդդիմադիր. այն 350 հազար մարդո՞ւն, որ նրա կողքին են կանգնած: Այդքան մարդ պետք է օտարեի՞ ինձնից: Չէ՞ որ նրանք իմ ազգի մի մասն են:
-Բայց օտարվեցին, ցավոք:
-Այ, դրա դեմ է պետք պայքարել, երբ որոշ տաքգլուխներ, այդ օրերին ընկած հեռուստաընկերությունները, եթերից «ամբոխ» կամ «զիբիլ» էին անվանում այդ ժողովրդին: Նույն ժողովրդին, որը 1988-ին նույնիսկ ծաղիկ չէր տրորում: Արջի ծառայություն էին մատուցում: Որքան էլ չեմ հանդուրժում, որ աղանդներ կան մեր երկրում, բայց նաև չեմ կարող չմտածել, որ մենք պետք է հետ բերենք այդ կորուսյալ հոգիները: Մենք պետք է հաղթահարենք մեր մեջ մոլորյալին չսիրելու միտքը, ասենք, մահմեդականություն ընդունած հային թշնամի համարելը: Աստված մեկն է` տարբեր անուններով: Ի՞նչ է նշանակում` «ղարաբաղցի», երբ Ղարաբաղը մեր ազգի մի մասն է, այն էլ` շքեղ մասը: Ղարաբաղը մեզ համար սովորական նախարարական տուն չի եղել, իշխանապետություն է եղել` իր կաթողիկոսանիստով: Դու ինչպե՞ս կարող ես քո պատմությունից այդ շքեղ էջը կտրել, գցել, օտարել մի քրջոտ աթոռի համար...
Ես ընդամենը չեմ ուզում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դառնա ՀՀ նախագահ, որովհետև նա որպես նախագահ չարդարացրեց իրեն, ըստ իս: Բայց ես բացարձակ թշնամություն չունեմ նրանց հանդեպ, ովքեր նրան հավատում են: Եվ չեմ կարող ընդունել այն մարդկանց, ովքեր հաղթած իշխանություններին իրենց նվիրվածությունը ցույց տալու համար ինչ ասես ընդդիմության հասցեին չասացին:
-Արցախը հրաշալի արժևորեցիք: Ջավախքն էլ հայրենիքի կորուսյալ մի մաս է: Ինչո՞ւ նույն սրտացավությունը, տիրոջ զգացումը չունենք նրա հանդեպ, ինչո՞ւ Ջավախքի խնդիրը մեր պետական արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչ չէ: Չէ՞ որ ՀՅԴ-ն նույնպես իշխանական ուժ է:
-ՀՕՄ-ը` որպես դաշնակցության քույր կառույց, սուսուփուս իր գործն անում է: Շատ լուրջ ծրագրեր ենք իրագործում Ջավախքում` դպրոցաշինություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, որպեսզի չհայաթափվի, որովհետև անտանելի ծանր վիճակ է այնտեղ: Բայց ՀՀ-ի համար Վրաստանը և Ադրբեջանը նույնը չեն: Ի վերջո, պատերազմն Ադրբեջանը սկսեց, իսկ Վրաստանում հայերի ֆիզիկական բնաջնջման հարց չի դրված: Ինչ խոսք, անհրաժեշտ է, որ մեր պետությունն ավելի լուրջ մոտենա խնդրին, վրացիների կողմից մեր պատմամշակութային արժեքների յուրացմանը և համարժեք պատասխան տա մեր ժողովրդի նկատմամբ դրսևորվող անհարգալից վերաբերմունքին ու ոտնձգություններին: Կարևոր է՝ չբթացնենք մեր ինքնապաշտպանական զգոնությունը: «ԱՆՀԱՏԻ ՁԱՅՆԸ ԿՈՐՍՎԵԼ Է, ԷԼԻ ԽՄԲԵՐԳԵՐՈՎ ԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ»
-Մեր ազգին այսօր ո՞ր տեսակն է անհրաժեշտ` որպես օրինակ:
-Գիտե՞ք, այս երկրում մի քանի մարդ կա, որոնց համարում եմ իմ ազգի ոսկե մշակները: Ասենք` Սամվել Կարապետյանը: Կարծես ազգիս արժանապատվությունը լինի: Զգում եմ` մեկ-մեկ հուսահատությունից ուզում է վիրավորել մեզ, արթնացնել թմբիրից. «Արթնացե՛ք, տեսեք ի՞նչ ենք կորցնում...»: Կամ` Արմեն Այվազյանը: Հենրիկ Հովհաննիսյանը` դժվարահաճ, չմահավան... բայց արժեք են, Վանո Սիրադեղյանի խոսքով` «ծանր լույսն» են կրում իրենց մեջ, գույնզգույն բենգալյան կրակներ չեն, խոնարհ հերոսներ են: Նրանք ոչ միայն բան են պահանջում, այլև բան են տալիս, և շատ կարևոր է, որ այս տեսակը հավաքվի, և նրանց ասպարեզ տրվի:
-Չգիտես ինչու, վերջերս մամուլում գրոհ է սկսվել մշակույթի նախարարի դեմ:
-Ես ուրախ եմ, որ այսօր մշակույթի ոլորտը ղեկավարում է կին, որի երակներում տոհմիկ մեր մշակույթի նստվածքը կա՝ իր դաստիարակության ակունքներից: Եվ նրա հոր` Ստեփան Պողոսյանի (թեև դաշնակցության նկատմամբ, կարծում եմ, հանիրավի կարծիք ունի) ռադիոհեռուստապետկոմի նախագահության օրոք էր, որ հնչեցին «Ձայն մը հնչեց»-ը և «Գորանին»: Հասմիկ Պողոսյանը կայուն արժեքային համակարգ է կրում իր մեջ: Կցանկանայի, որ նա չերկնչի փուչ աղմուկներից և հիշի` ինքը շատ զգայուն ոլորտ է ղեկավարում, որտեղ շատ են հավակնոտները:
-Ի՞նչն եք մերժում արվեստում և կյանքում առհասարակ:
-Անհասցեությունը: Կարծում եմ, եթե մշակույթը չունի ազգային նկարագիր, ոչ ոքի պետք չէ. ո՛չ ֆրանսիացուն, ո՛չ ռուսին: Ես կոսմոպոլիտ արվեստ չեմ հասկանում: Թեև կա: Կա՛ և հատուկ ծրագրով էլ նետված է ասպարեզ: Համաշխարհայնացումը բնավ նորություն չէ: Մենք մեր տեսակը նախ մեր լեզվով և մշակույթով պետք է պաշտպանենք:
-Գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն ի՞նչ անակնկալ ունի ընթերցողի համար:
-Մինչև հոկտեմբերի վերջը կհրատարակվի գիրքս` «Խմբերգերի ժամանակը»: Վիպակներիցս մեկի վերնագիրն է: Գրել եմ 1982-ին և վերատպում եմ: Խնդիրները, որոնք արծարծել եմ գրքիս մեջ, կարծում եմ, անժամանցելի են:
-Ինչո՞ւ հենց «Խմբերգերի ժամանակը»:
-Հիմա էլ անհատի ձայնը կորսվել է, էլի խմբերգերով ենք մտածում:
-Ո՞վ է Ձեր հերոսը:
-Իմ աչքը: Գրողի աչքը, աշխարհին նայելու դիտանկյունը:
Հարցազրույցը` Նվարդ ԲՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4695

Մեկնաբանություններ

▓ц┌б╗ц┐Б─ ц╒Б┌╛е╬ц┐Б─ ц╒Б─·б╒/1688212988"> Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը